ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որը մեղք է գործում (Իմաստ. Ա 4)։
Երկնային ծագման ապացույցներից են նաև Հին և Նոր կտակարաններում բազմիցս հանդիպող վկայակոչումները, ինչպես, օրինակ, «Տերն այնուհետև ասաց Մովսեսին. «Գրի առ այս պատգամները, որովհետև այդ խոսքերով Ես ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ» (Ելք 34.24)։ Ահա Դավիթ մարգարեի խոսքերից մեկը. «Տիրոջ հոգին իմ մեջ խոսեց, նրա խոսքերն իմ լեզվի վրա են» (Ա Թագ. 23.2)։
Մարգարեները` Աստծո խոսնակները, երբեք իրենց անունից չէին խոսում, ուստի սովորական են այսպիսի արտահայտությունները. «Այսպես է ասում ամենակալ Տերը» (Եզեկ. Է 2), կամ` «Լսեցե՛ք Տիրոջ խոսքը» (Օսեե Դ 1)։ Իսկ նրանց աստվածային պատգամների ու ճշմարտությունների ազդարարումը մանավանդ ազդու բնույթ էր ստանում, երբ վերջիններս, հապացույց իրենց երկնային առաքելության, բազում հրաշքներ էին գործում։
Սուրբ Գրքի երկնային ծագման մասին են վկայում նաև անվանումները։
Սուրբ Գիրք անվանումը հատուկ է բոլոր քույր եկեղեցիներին և փոխառված է Նոր Կտակարանից, ուր Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակում, գովելով իր գործակցի հոգևոր իմացությունը, ասում է. «Մանկուց գիտես Սուրբ Գիրքը»։ Իսկ քանի որ սրբությունն Աստծո ստորոգելիներից է, ապա այդպես է կոչվում այն ամենը, ինչն իր վրա երկնքի դրոշմն է կրում։ Մինչդեռ իբրև հատուկ անուն` Աստվածաշունչ անվանումն ընդունված է միմիայն հայերիս մոտ։ Երբ սուրբ Սահակն ու սուրբ Մեսրոպը և իրենց հետ համագործակցող մի խումբ թարգմանիչներ հայերեն թարգմանեցին այս սրբազան մատյանը, նպատակահարմար գտան գրքերի այս ժողովածուն կոչել Աստվածաշունչ։ Այս բառը նույնպես փոխառված է Նոր Կտակարանից, ուր Պողոս առաքյալն այն գործածել է մեկ անգամ իբրև ածական. «Աստծո շնչով գրված ամեն գիրք» (գրաբարում «Ամենայն գիրք աստվածաշունչք»), և ինչպես առաջին անվանումը, վկայում է նրա երկնային ծագման մասին։ Մյուս բոլոր քույր եկեղեցիներում ընդունված է Բիբլիա անվանումը, որը փոխառված է հունարեն Biblos (Բիբլոս) բառի ta Biblia (տա Բիբլիա) հոգնակի ձևից, և թեև բառացի նշանակում է գրքեր, սակայն հավաքական մեկ գրքի իմաստ է արտահայտում։ Այն, որ հոգնակի թիվ ունեցող հունարեն այս բառը գործածվում է մի գրքի իմաստով, բնավ էլ պատահական չէ։ Աստվածաշունչ մատյանն իր երկու մասերով` Հին և Նոր Կտակարաններով, բաղկացած է 75 ամբողջական և ավարտուն գրքերից, որոնք թեև գրված են տարբեր լեզուներով (հիմնականում` եբրայերեն և հունարեն, մասամբ էլ` արամերեն), գրական զանազան ժանրերով (օրենք, տարեգրություն, պատմություն, իմաստություն, խրատ, հոգևոր երգ, առակ, փիլիսոփայական խորհրդածություն, մարգարեություն, նամակ, քարոզ, վարք) և տարբեր ժամանակաշրջաններում ու քաղաքակրթություններում, այնուամենայնիվ, կուռ ու ներդաշնակ ամբողջություն են կազմում և լրացնում միմյանց։ Այլ կեպ ասած, այն մի գիրք կամ գրքերի միասնական ժողովածու է, ինչպես ասում է սուրբ Հովհաննես Ոսկեբերանը. «Աստվածաշունչը բազմաթիվ գրքեր է պարունակում, որոնք մի միասնական գիրք են կազմում»։
Ինչ վերաբերում է Biblos (Բիբլոս) բառի ստուգաբանությանը, ապա այն իր նախնական իմաստով նշանակել է պապիրուս, որը եգիպտական մի տեսակի բույսից հատուկ մշակմամբ պատրաստված թուղթ էր` նախատեսված գրության համար։ Այս անունն իր հերթին ծագում է փյունիկյան Բիբլոս քաղաքից, որտեղ և պատրաստում էին պապիրուսը։
Հունարեն ta Biblia բառն անցավ լատիներեն լեզվին և 5-րդ դարից սկսած Biblia ձևով տարածվեց բովանդակ քրիստոնեական աշխարհում։ Բացի այս անվանումներից, հավասարապես գործածվում են Աստծո խոսք, Կենաց խոսք, Գիրք գրոց կամ պարզապես Գիրք անվանումները։ Ընդ որում, մարդկանց բյուրավոր գրքերի մեջ Աստվածաշունչը Գիրք անվանելն այն խորհուրդն ունի, որ միմիայն այս մատյանը, բառի իսկական իմաստով, գիրք կոչվելու իրավունք ունի։ Գրեթե նույն իմաստն է արտահայտում Գիրք գրոցը։ Նույն գոյականի եզակի և հոգնակի թվերով կազմված բառակապակցությունը (ինչպես Երգ երգոց, սրբությունների սրբություն) գերադրական աստիճան է ցույց տալիս, այսինքն` նշանակում է Գիրք, որից բարձր, գերիվեր գիրք չկա և չի կարող լինել։
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՆԵՐՇՆՉԱՆՔԸ
Սուրբ Գիրքը, ըստ Հայաստանյայց եկեղեցու ուղղափառ վարդապետության, Աստծո խոսքն է` Նրա ուղերձը մարդկությանը, որը, սակայն, գրի առան Նրա իսկ ընտրած շուրջ 40 սրբազան մատենագիրներ` մարգարեներ, ավետարանիչներ և առաքյալներ։ Ինչպե՞ս էր դա հնարավոր, ինչպե՞ս կարող էր գերբնական հայտնությունը հասնել մարդկությանը, երկնայինը` սուրբը, վերածվել մեղավոր մարդու շուրթերից ելնող խոսքի, նույնիսկ արտահայտվել գծագրական-տեսողական նշանների համակարգով` գրով, ինչպե՞ս կարող էր մահկանացուն գրի առնել Ամենասուրբ Աստծո խոսքը։ Մեջբերենք Եսայի մարգարեի հոգևոր ծառայության կանչվելու պատմությունից այն հատվածը, երբ վերջինս իր աչքերով տեսնում է Աստծո փառքը. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը։ Եվ ահա ինձ ներկայացավ սերովբեներից մեկը` ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։ Բերեց մոտեցրեց իմ բերանին և ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրինությունները և քո մեղքերը կսրբի» (Եսայի Զ 5.7)։
Այս աստվածընտրյալ հեղինակները հիմնականում հասարակ, անուս մարդիկ էին։ Եվ եթե անգամ լինեին իրենց ժամանակի ամենաուսյալ անձինք, ինչպե՞ս կկարողանային շարադրել աշխարհում իր նմանօրինակը չունեցող` վսեմ բարոյականության և խորախորհուրդ իմաստության գրքեր, որոնք ոչ միայն իրենք իրենց մեջ, այլև մեկը մյուսի համեմատությամբ հակասություններ և սխալներ չեն պարունակում, թեպետև գրվել են իրարից դարեր և նույնիսկ հազարամյակ ընկած ժամանակաշրջաններում և տարբեր քաղաքակրթություններում։
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը գրում է. «Այս սրբազան հեղինակներից շատերը չափավոր կարողությունների տեր մարդիկ էին, պիտի չկարողանային, եթե միայն իրենց սահմանափակ կարողություններին ապավինած լինեին, ո՛չ հստակորեն վերահասու լինել իրենց գրած պատմություններին, ավանդած վարդապետություններին, հայտնած բարոյական տեսություններին, ո՛չ էլ մանավանդ այնքան հեղինակությամբ պիտի կարողանային փոխանցել դրանք ուրիշներին»։
Աստվածային հայտնության այս ականատեսներն ու քարոզիչները գտնվում էին Սուրբ Հոգու անմիջական առաջնորդության, ներգործության ներքո, որն աստվածաբանության մեջ ներշնչանք է կոչվում։ Փաստորեն ներշնչանք ասելով հասկանում ենք այն աստվածային գերբնական ներգործությունը կամ հզոր ազդեցությունը, որը գործում էր սրբազան հեղինակների մտքի վրա, թելադրում գրելիքը, բարձրացնում կատարելության ամենավերին աստիճանին, զերծ պահում սխալներից, մի խոսքով` ղեկավարում նրանց աշխատանքների բովանդակ ընթացքը։
Ահա մի հատված մեծն Երեմիա մարգարեի` մարգարեական առաքելության կանչվելու պատմությունից. «Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց. «Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբացրի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի»։ Իսկ ես ասացի. «Տե՛ր, ո՛վ Դու Տեր, ահա ես նույնիսկ խոսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»... Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի» (Երեմ. Ա 4-9)։
Սուրբ Հոգին միշտ նրանց սրբազան հեղինակների հետ էր` ներքուստ խոսելով ու գրել տալով, իբրև Վարդապետ` իր աշակերտներին սովորեցնելով գրել։ Հիշենք Քրիստոսի խոսքն Իր առաքյալներին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, ՈՒմ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14.26)։ Այսինքն` առաքյալները հիշողությամբ չէ, որ շարադրեցին իրենց գրվածքները, այլ Սուրբ Հոգու ներշնչանքով։
Պետրոս առաքյալը վկայում է. «Մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետ. Ա 21)։
Ի դեպ, եկեղեցու հայրերն ու վարդապետները ներշնչանքով գրելը կոչում են Սուրբ Հոգով գրել, և իրենք էլ նույն հոգով են շարադրել իրենց հոգեշահ գրվածքները։
Սուրբ Հոգին, զորացնելով սրբազան հեղինակների հոգեկան ու մտավոր կարողությունները, այդուհանդերձ, բնավ չէր ճնշում մարդկային բնատուր ընդունակությունները, չէր ոչնչացնում նրանց անհատականությունը, բնավորությունն ու հակումները։ Հայտնությունը շարադրելիս մարգարեներն ու առաքյալները պահպանում էին իրենց ինքնագիտակցությունը և ինքնությունը։ Այս հանգամանքով են բացատրվում սրբազան գրքերի բովանդակության և հատկապես դրանց շարադրանքի ոճի, լեզվի, պատկերների, արտահայտությունների զգալի տարբերությունները` կախված հեղինակի հոգեկան խառնվածքից։
Այսպես, Պողոս առաքյալի թղթերում ի հայտ է գալիս նրա բուռն բնավորությունը, իսկ Հովհաննես ավետարանչի գրվածքներում` նրա քաղցր հոգին։ Դանիել մարգարեն պետական այր էր և խոսում էր ինչպես պետական այր։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Աստվածաշունչը կենաց ծառն է, որի վեհասքանչ և մշտադալար կատարի միջով մերթ մեղմ, մերթ փոթորկալից երկնային հոգևոր քամիներ են փչում։ Աստվածաշունչը պտուղներով ծանրաբեռնված ծառ է, որոնք մեղքով թունավորված մարդուն բժշկություն, զորություն, առողջություն և հավիտենական կյանք են պարգևում։ Այն սարսափելի և միաժամանակ հաճելի գիրք է` երկնային խաղաղությամբ լեցուն, գերիվեր ամեն մտքից, ամենակարող Աստծո կայծակներով ու որոտներով լի, Ով հալեցնում է ժողովուրդներին, ինչպես բրուտն իր կճուճները, և ՈՒմ առջև նրանք ասես կաթիլ լինեն` դույլից կախված։ Ամենանուրբ ու սրտառուչ մխիթարություններով և աստվածային խոստումներով լեցուն այս Գիրքը կերակրում է փոքրիկ թռչնակներին, հաշվում մեր գլխի մազերը և խեղճ մոր աղոթքով խաղաղ գիշեր պարգևում նրա հիվանդ երեխային։ Այն մի գիրք է, որը դյուրությամբ պատասխանում է մարդկությանը հնուց ի վեր հուզող ամենից խորախորհուրդ հարցերին, այն պոեմ է և էպոս` այնքան վեհասքանչ և համապարփակ, այնքան խոր ու վսեմ, ինչպիսին երբեք չի գրվել մարդկանց կողմից»։
Բետեքս
Գերմանացի բնագետ
«Ս. Գիրքը տարածելու նպատակ ունեցող յուրաքանչյուր հասարակություն արժանի է բոլոր ուղղամիտ քաղաքացիների գնահատանքին ու զորակցությանը, քանզի այն օրհնություն է բերում ողջ մարդկությանը։ Մեր երկրի բարեկեցությունը, ինչպես նաև հոգևոր զարգացումը խարսխված են Ս. Գրքի վրա։ Աստվածաշնչի վարդապետություններն այնպես են միահյուսվում մեր քաղաքացիական և հասարակական կյանքին, որ անհնար է պատկերացնել մարդկային կյանքն առանց Ս. Գրքի։ Նրա օտարմամբ մենք կկորցնենք ամեն մի հենարան։ ՈՒստի յուրաքանչյուր ողջամիտ մարդ պետք է պարզ պատկերացնի, որ Աստվածաշնչի տարածման դադարեցումն անչափելի վնաս կհասցնի մեր լավագույն ձգտումներին։ Մենք` ամերիկացիներս, այնքան ենք պարտական Ս. Գրքին, որ վաղուց ժամանակն է մարել այդ պարտքը»։
Թեոդոր Ռուզվելտ
ԱՄՆ-ի նախագահ